Խիտ մառախուղ, ձյուն, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Հանրապետությունում

Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


«Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։


Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր։


Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում»,– գրված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– գրում է լրատվամիջոցը: