Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այն ապահովում է ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը:
Փաշինյանը շեշտել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը։
Այնուամենայնիվ, այս կարևոր դերը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։
Մենք պարբերաբար հյուրընկալում ենք փորձագիտական առաքելություններ, որոնց հաշվետվությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն էլեկտրակայանը շահագործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան: Մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին:
Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի և փորձագիտական հմտությունների վկայությունն է: Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների կողմից տրամադրվող անփոխարինելի տեխնիկական աջակցության, գիտելիքների ու ցուցումների համար, որոնք կարևոր դեր են ունեցել մեր ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման երաշխավորման գործում:
Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավաքական հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժը իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում: Ցավոք, ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները, ներառյալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտությունները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգությունը, այլև խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնությունների առաջխաղացմանը։
Հայաստանը կոչ է անում բոլոր միջազգային գործընկերներին օգտագործել ընթացիկ գագաթնաժողովի պատմական հնարավորությունը և համատեղ ջանքերով առաջ տանել գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված պարտավորություններն ու նպատակները՝ ճանապարհ հարթելու դեպի ավելի մաքուր, անվտանգ և կայուն ապագա հետագա սերունդների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...