ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը չի բացառել միջազգային ատյաններից հայցերը ետ կանչելը

Մենք ասել ենք, որ եթե խաղաղության պայմանագիրը, ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու և ՀՀ կառավարությունը համարի, որ ինքը կարող է այն ստորագրել և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար հետ կանչենք դատական գործերը, ապա դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել։

Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչի հիմք և բովանդակություն ունեն միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերից հրաժարվելու մասին խոսակցությունները, քանի որ հայցերից հրաժարումը հայ ժողովրդին զրկելու է սեփական իրավունքները պաշտպանելու գործիքներից, միաժամանակ, այդ դեպքում առոչինչ են դառնալու Արցախ հայ ժողովրդի հավաքական վերադարձի, հանրային և մասնավոր սեփականության, հոգևոր և մշակութային պաշտպանության իրավունքները։

Փաշինյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ հարցերը քննարկվեն ամբողջության մեջ։ «Այս հարցում միակողմանի ընկալումները մեզ հնարավորություն չեն տալիս ամբողջական դիտարկել իրավիճակը։ «Մենք ունե՞նք մեր ճշմարտությունները, իհարկե ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում եղած միակ ճշմարտությունն է։ Մենք կարող ենք համարել, որ մեր ունեցածը միակ ճշմարտութունն է, բայց միայն մեր ունեցածը բավարար չէ և մենք այս հարցերը քննարկելիս պետք է հենվենք այս տրամաբանության վրա»։

Գալստյանի դիտարկմանը, թե հասկանո՞ւմ են, թե ինչ գործիքից ենք հրաժարվելու, քանի որ Ադրբեջանի հայցերը մեր դեմ շատ ավելի թույլ են, հետևաբար նաև սա անդառնայի հետևանքներ է ունենալու և որևէ մեկը քաղաքական և բարոյական իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից այդ գործիքներից հրաժարվելուց՝ Փաշինյանն ասաց, որ եթե տեսնեն, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն և կայուն, տևական խաղաղությանը այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, ապա կարող են գնալ այդ քայլին։ «Եթե տեսնենք, որ չի ստացվում՝ չենք հրաժարվի այդ գործիքից»: 

Քաղաքականություն