Մգացված ապակիների համար պատասխանատվության են ենթարկվել «օլիգարխներ», շոու-բիզնեսի ներկայացուցիչներ․ ԶԼՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները վարում են մգացված ապակիներով, որի տեսանելիությունը գերազանցում է սահմանված չափը։ Այս մասին գրում է Shamshyan-ը: 


Միայն այս տարի պարեկները Երևանում վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով մգացված ապակիներով երթևեկող վարորդների, որոնց ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները թույլատրելի չափից շատ մգեցված են եղել։


Ինչպես գրում է կայքը` նման արարք կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հայտնի «օլիգարխներ», շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործարարներ։ Մի մասը, համաձայն չլինելով պարեկների կազմած վարչական ակտին, դիմում են դատարան՝ բեկանելու պարեկի կայացրած որոշումը։


Հաղորդվում է, որ մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ Մյասնիկյան պողոտայում նկատում են մգացված ապակիներով, տրանզիտ համարանիշներով «Nissan» մակնիշի ավտոմեքենա։


Պարեկները կանգնեցնում են վարորդին, ստուգում են ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները և հատուկ սարքը ցույց է տալիս, որ այն չի համապատասխանում ստանդարտներին, ինչի համար վարորդը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Առաքելյանը ենթարկվում է վարչական պատասխանատվության։ Վերջինս արդարանում էր, թե ավտոմեքենան նոր է Հայաստան ներմուծվել ու չի հասցրել ապակիները մաքրել։