ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել է զինծառայութունից, բայց ֆուտբոլային կյանքում չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:


«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ.-ին, գրանցման հասցեն՝ Երեւան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում նրան ակտիվ ֆուտբոլում չենք տեսել: Ի՞նչ հիմնավորմամբ է ծառայությունից ազատվել Էդգար Նիկողոսյանը: 2018 թվականից հետո, երբ շատ պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման փաստաթղթերը սկսեցին ուսումնասիրվել, արդյոք Արմեն Նիկողոսյանի որդու ծառայությունից ազատման փաստը ստուգվե՞լ է. եթե ոչ, ինչու՞»:


Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են. «Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»: Իսկ թե ինչ հիմքով, ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:


Արդյոք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել եւ ունի՞. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ինչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, եւ ինչու չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, եւ ամենակարեւորը՝ ում միջնորդությամբ է ազատվել որդին բանակից»:


Մանրամասները` թերթի այսօրվա համարում: