Երևանի 130 դպրոցում սկանդալը շարունակվում է․ ինչ են հայտնում Քաղաքապետարանից և դպրոցից

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է։ Դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել աշխատանքից: Երեկ էլ երեք փոխտնօրեններն են միաժամանակ ազատման դիմում ներկայացրել:


Auroranews-ն այս թեմայով զրուցել է Հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ուսումնական գործընթացը պատշաճ, բնականոն հունով ընթանում է։


«Դպրոցում այս պահին ամեն ինչ խաղաղ է։ Առավոտյան դպրոցում են եղել Ոստիկանությունից ներկայացուցիչներ անչափահասների գործով՝ նկատի ունենալով երեկվա իրադարձությունները, որպեսզի կանխարգելեն ամեն հնարավոր վտանգները»,- ասաց տեղակալը։ 


Նրա խոսքով՝ ինչպես բոլոր աշխաանքային միջավայրերում, այնպես էլ դպրոցում լինում են անհամաձայնություններ։


«Ընդհանրապես դպրոցում՝ ինչպես բոլոր աշխաանքային միջավայրերում, լինում են անհամաձայնություններ, դրանք լինում են սույեկտիվ և օբյեկտիվ պատճռներով։ Բնականաբար, և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներն ուսումնասիրվում են։ Այս պարագայում, որպես իրավասու մարմին, Երևանի քաղաքապետարանի համար գերակայություն է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը, և միջանձնային խնդիրների հաղթահարումը՝ ի շահ սովորողի և ի շահ դպրոցի։ Մենք այդ ուղղությամբ ենք մեր աշխատանքները տանում, որ փորձենք այս լարվածությունը թոթափել, և արդեն խաղաղ պայմաններում հասկանալ, թե ինչ ճանապարհով ենք գնում խնդիրները լուծելու համար»,- մանրամասնեց պաշտոնյան։


Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հարցը համակողմանի է։


«Բողոքներ են լինում, որոնք որ ուսումնասիրության են արժանանում, գումարած դրան, օրերս Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել, որի վերլուծության արդյունքներին մենք սպասում ենք։ Այդ արդյունքները տրամադրվելու են մեզ, որպեսզի պատկերն ավելի համակողմանի ստացվի։ Ինչպես բողոքների ուսումնասիորւթյան շրջանակում ենք բոլոր կողմերի հետ՝ քննարկում, հանդիպում, այնպես էլ այս պարագայում հանրակրթության վարչությունն ունեցել է հանդիպում պետի մակարդակով փոխտնօրենների հետ, խոսել ենք, հասկացել ենք իրավիճակը, խոսել ենք դպրոցի տնօրենի հետ։ Մեր ներդրումն այն է լինելու, որ հնարավորինս շտկենք իրավիճակն այնպես, որ շահի դպրոցը և ուսումնական գործընթացը»- նշեց նա։


Հարցին՝ եթե իրավիճակը չհարթվի, արդյոք դիտարկու՞մ են դպրոցի տնօրենին հեռացնել պաշտոնից, Հանրակրթության վարչության պետի տեղակալը նշեց․ «Կարող է քննարկվել ցանկացած տարբերակ՝ ի շահ դպրոցի։ Այսինքն եթե ինչ-որ մի փուլում հասկանանք, որ ի շահ դպրոցի ինչ- որ քայլերի պետք է գնալ, բնականաբար, այդ քայլերը կարվեն, բայց, նույն հաջողությամբ, այսօր էլ ծնողներ են եկել, որոնք ուզում էին հրավիրել լրատվամիջոցներ՝ ի պաշտպանություն տնօրենի։ Մեզ համար անընդունելի դրսևորում է, որ շահարկվում են ինչ-որ բաներ, այս կամ այն կողմը պահելու համար։ Մենք խնդրել ենք, որ կանխվի այդ մենը, որ դպրոցը չդառնա աղմկահարույց իրադարձությունների էպիկենտրոն։ Դա չի բխում երեխայի, սովորողի իրավունքներից, ուսումնական գործընթացի արդյունավետությունից։ Այս պահին մեր համար օրակարգային է լարվածությունը թոթափելը և խաղաղ պայմաններում հասկանալ լուծումները, թե ինչ ճանապարհով ենք առաջ գնում»։ 


Նշենք, որ panorama.am-ի փոխանցմամբ, դպրոցում այս պահին դասադուլ և քաոս է։ Աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը, որը, երեկվանից դպրոց է կանչել ոստիկանների։


Դպրոցի կառավարման խորհրդից էլ Aysor.am-ին հայտնեցին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների աղմկեցուցիչ փաստեր, ինչից հետո տնօրեն Ն. Հովսեփյանը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին «վարժեցնել», որպեսզի ստեն ստուգող մարմնի ներկայացուցիչներին՝ ասելով, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ինչպես նաև պահանջել է փոխտնօրեններից խոսել ծնողների հետ, որպեսզի բողոք չներկայացնեն չանցկացված դասերի համար, որոնց գումարը ինքը դուրս է գրել և յուրացրել։