Ո՞ր դեպքում համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը․ հանդիպում՝ կառուցապատողների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանից։


Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը:


«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:


Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են ուշացման պատճառներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները: