Որն է Երևանում աղբատար մեքենաների խափանման պատճառը
Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- ասաց նա։
Այս պահին Երևանում աղբահանությունն իրականացվում է 34 աղբատար մեքենաներով։ Պլանավորվում է մեքենաների ամբողջական վերանորոգման արդյունքում թիվը հասցնել 45-ի։ Իսկ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի խնդրահարույց հատվածում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում:
Կոմունալ տնտեսության վարչության պետն արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի:
Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները:
««Hovo»-ներին հաջողություն ենք մաղթում»,- ասաց Ավինյանը։