Կառուցապատման ոլորտի անկման հետևանքները բոլորս ենք զգալու. Գուրգեն Գրիգորյան
Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի ավելացումը հանգեցրել է մի շարք ինստիտուցիոնալ բնույթի և առաձին-առաձին տեղային բնույթի խնդիրների: Այս մասին ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով՝ տեղային բնույթի խնդիրներից են Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումները, որոնք Երևան համայնքին են վերաբերելի, կան նաև համապետական մասշտաբի խնդիրներ, որոնք առնչվում են թե՛ Երևանում և թե՛ Երևանից դուրս կառուցապատում իրականացնող անձանց ամենօրյա գործունեությանը։
Գրիգոյանը բարձրաձայնել է՝ ուսումնասիրել են հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և այլ խոշոր քաղաքների փորձը և պարզել, որ Երևանը միակն է, որ աչքի է ընկնում նման տուրքերով։ Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճար են կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ։
Նա ևս հայտարարեց, որ, ըստ ներկայացված գոտիավորման հաշվարկների, ավելի գրավիչ է կենտրոնական հատվածներում կառուցապատում իրականացնելը, քանի որ այդտեղ շահութաբերությունը շատ է, և տուրքի կշիռը մեծ բեռ չէ։ Գրիգորյանը նշել է. «Այնինչ, ծայրամասային գոտիներում կառուցապատում իրականացնելը գնալով դառնում է անհնարին, որովհետև այնտեղ էկոնոմ դասի շինարարություն է իրականացվում և տուրքի կշիռը էկան մեծ դեր է կազմում»:
«Գոտիներ կան, որտեղ կառուցապատման բոլոր տուրքերն ու վճարները միասին՝ կանխատեսվող նախահաշվային շահույթից ավելի մեծ գումար են կազմում, մասնավորապես՝ 109 տոկոս: Այնինչ, չմոռանանք, որ, օրինակ, շահութահարկը՝ 18 տոկոս է: Այսինքն՝ տեղական տուրքերն ու վճարները միասին կազմում են շահութահարկի 5-6-ապատիկը։ Ստացվում է, որ կառուցապատողները կա՛մ պետք է էականորեն բարձրացնեն գույքի միավորների գները, ինչը ներկայիս շուկայի պայմաններում այնքան էլ իրատեսական չէ, մյուս կողմից էլ՝ կառուցապատումն այլևս ձեռնտու չի լինելու բիզնեսի համար, բիզնեսները կա՛մ ռելոկացվելու են այլ երկրներ, կա՛մ այլ ոլորտ են տեղափոխվելու»,-ասել է Գրիգորյանը։
Գուրգեն Գրիգորյանը շարունակել է նշել խնդիրները։ Ըստ նրա՝ օտարերկրյա ներդրողների տեսանկյունից ևս անվստահության մթնոլորտ է ձևավորվել․ «Բազմաթիվ ներդրողներ վերջին ամիսներին ահազանգում են, որ հրաժարվում են ներդրումներ կատարել, քանի որ չունեն բիզնես միջավայրի կանխատեսելիություն։
Ոլորտի ներկայացուցիչը նշել է, որ իրենց խնդրանք-կոչն է՝ կառուցապատման գործունեության նկատմամբ ցուցաբերել առաձնակի ուշադրություն, որովհետև տնտեսության համար լոկոմոտիվ ճյուղ է։
«Եթե այստեղ տեղի ունենան անկումներ, դոմինոյի էֆեկտով անկում է ապրելու փոխկապակցված ամբողջ տնտեսական համակարգը․ բանկերից սկսած՝ գյուղատնտեսությամբ վերջացրած։ Բոլորս մեր վրա զգալու ենք սրա հետևանքները, անգամ փողոցում արևածաղկի վաճառքով զբաղվող տատիկն իր վրա զգալու է տնտեսական էֆեկտը»,-ասել է նա։