«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:
Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ:
Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց): Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ: