Հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ալյևս գերազանցության մեդալ չեն շնորհի
«Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ:
Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին: