
ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Հայաստանի ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր 69-ը: Քվեարկությանը մասնակցած բոլոր 69 պատգամավորները կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամի պաշտոնում Կարեն Թումանյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Կարեն Թումանյանը, Դատական օրենսգրքի համաձայն, ԱԺ նիստում երդվեց ու ստորագրեց երդման տեքստը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության քվեարկությանը ևս 69 պատգամավոր էր մասնակցել, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը: