«Ոսկու աշխարհն» անորոշ ժամանակով փակվել է
Երևանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Որոշումը կայացվել է հունվարի 23-ին:
«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն և որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել էր, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով: