Ինչու բանկերը չեն ներում բռնի տեղահանված արցախցիների օվերդրաֆտները. գանձվում են նաև սոցօգնությունից. պատգամավոր

Հայաստանի բանկերը չեն ներում օվերդրաֆտի պարտքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ու նրանց բանկային քարտերից անգամ սոցիալական աջակցության գումարներն են գանձում։ Խնդրի մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա ընդգծեց, որ շատ արցախցիներ նման խնդրով դիմում են իրենց:


Պատգամավորի խոսքով՝ չնայած օրենքին, որով Ֆինանսների նախարարությունը պարտապաններին ազատել է այդ վարկերի վերաբերյալ բանկերի պահանջներից, բանկերը շարունակում են գանձել քաղաքացիների գումարներն անգամ սոցիալական աջակցության հաշվին։


Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նշված օրենքով կառավարությունը չի ստանձնում անգրավ վարկեր, որոնց շարքին է դասվում նաև օվերդրաֆտը։


«Անգրավ վարկերն այդքան էլ լեգիտիմ չեն, համարել ենք, որ դրանք չեն կարող ընդունվել որպես մարման ենթակա։ Սպառողական վարկերը մենք ծածկում ենք, օվերդրաֆտը` ոչ»,– ասել է նախարարը։


Ալեքսանյանը, սակայն, շարունակել է, որ օվերդրաֆտ տեսակի վարկը Հայաստանի բանկային համակարգից օգտվող գրեթե յուրաքանչյուր աշխատող քաղաքացի կարող է ստանալ աշխատավարձի եռապատիկի չափով, և դա տարածված բան է։


Վահե Հովհաննիսյանի խոսքով էլ՝ իրավական հարց է` արդյոք բանկերն իրենց հայեցողությամբ կարող են արցախցիների քարտերից գանձել սոցաջակցության գումարները, թե դրանք պետք է դարձնել անձեռնմխելի։ Ֆինանսների նախարարն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկել հասկանալու համար իրավաչափությունը։


Իր խոսքով՝ օվերդրաֆտի առնչությամբ դիրքորոշումը փոխելու դեպքում այն պետք է ԱԺ–ում քննարկվի։

Քաղաքականություն