«Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»

Մութ ամպեր՝ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի գլխին։ Վերջինիս պատկանող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն դատարանի դռներն է ընկել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


«Ոսկու շուկայի սեփականատերը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ 2023 թվականին պարզվել էր, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:


«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, եւ վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։


Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները», – ասվել էր հաղորդագրությունում»,– գրել է օրաթերթը:

Քաղաքականություն