Համայնքը պատրաստ է հոգալ պայթյունի հետևանքով մահացածների հուղարկավորության ծախսերը
«Փետրվարի 5-ին Էրեբունիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է 34 տուն, որից 3-ն՝ ամբողջությամբ, 3-ը՝ մասամբ։ Մնացած տները կրել են որոշակի նյութական վնասներ։ Դեպքից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները ներգրավվել են գործընթացին». այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ հավելելով, որ կացարանի խնդիր չի եղել․ բոլորն այս կամ այն կերպ ապահովվել են։
«Համայնքը պատրաստ է հոգալ պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիների հուղարկավորության ծախսերը, եթե նրանց հարազատները համաձայնություն տան։ Իրականացվել է նաև կարիքների գնահատում, առաջարկվել հոգեբանական աջակցություն, որից քաղաքացիները հրաժարվել են։ Պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ուղիղ պարտավորություն չունի, բայց, գիտակցելով մասնակցության անհրաժեշտությունը, պատրաստ է լինել տուժածների կողքին»,- ասացին քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ հետագա աջակցության համար շատ կարևոր է ունենալ մասնագիտական կառույցների՝ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության եզրակացությունը, որպեսզի պարզ լինի՝ ինչ ձևով է տրամադրվելու աջակցությունը, և որ կառույցն է դրանով զբաղվելու։
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում: