36-ամյա քաղաքացուն առևանգել են, բռնության ենթարկել, ստիպել պարտքը մարել ապրանքով
Պարզվել են Տավուշի մարզի չորս բնակիչների կողմից Երևան քաղաքի 36-ամյա բնակչի առևանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյա բնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս որդու՝ 27-ամյա Յ.Մ.-ի և Ա.Մ.-ի ընկերոջ՝ Տ.Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ առևանգել են 36-ամյա իր ծանոթ, Երևան քաղաքի բնակիչ Ա.Հ.-ին և վերջինիս կամքին հակառակ, ապօրինի տեղափոխելով այլ վայր, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել են ինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին:
Մասնավորապես, պարզվել է, որ դեռևս 2020թ․ մայիսին Մ.Մ.-ն Երևան քաղաքի հիշյալ բնակչին տվել է շուրջ 230.000 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքներ՝ դրանք վաճառելու և գումարը հետագայում վճարելու պայմանով: Սակայն վերջինս, վերցված ապրանքները վաճառված չլինելու պատճառաբանությամբ, նշված գումարը չի տվել, ինչն էլ ծանոթների միջև դարձել է տարաձայնությունների պատճառ:
Այդ ընթացքում Մ.Մ.-ն պարբերաբար զանգահարել է և պահանջել ինչպես պարտքը, այնպես էլ՝ դրան իր կողմից հավելագրված տոկոսագումարը՝ չվճարելու դեպքում սպառնալով վերցնել պարտապանին պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Սակայն վերջինս պահանջված ժամանակահատվածում չի վճարել պարտքը, որից հետո պարտատերը՝ Մ.Մ-ն, ընկերոջ, եղբոր, վերջինիս որդու հետ պայմանավորվել է բռնություն գործադրելով առևանգել Ա.Հ.-ին:
Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Տավուշի մարզում, Մ.Մ.-ն 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով հիշյալ անձանց հետ գնացել է Ա.Հ.-ի մոտ և պահանջել իր գումարը, այնուհետև ցանկացել է վերջինիս ավտոմեքենայից վերցնել վաճառքի ենթակա բջջային հեռախոսների աքսեսուարները, սակայն Ա.Հ.-ն թույլ չի տվել: Այնուհետ խմբի անդամները, փակելով Ա.Հ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հեռանալու բոլոր ուղիները, բացահայտ, Ա.Հ.-ի կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, առևանգելու նպատակով, հրելով տուժողին նստեցրել են իրենց ավտոմեքենաներից մեկը, տարել Պտղավան գյուղի ճանապարհին գտնվող գազալցակայան:
Ա.Հ.-ին տեղափոխելով հիշյալ գազալցակայանում գտնվող սենյակ՝ մի քանի հոգով ձեռքերով ու ոտքերով, սառույցով լցված պլաստմասե շշով հարվածներ են հասրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ շարունակելով այդ գործողությունները նաև վերջինիս վայր ընկնելուց հետո։
Ապա Ա.Հ.-ից պահանջել են տալ իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով հանցավոր խմբի անդամները կրկին հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ հանցավոր խմբի անդամները, սպառնալիքների ազդեցության տակ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի կողմից պարտք մնացած 230.000 ՀՀ դրամ գումարը օրենսդրորեն սահմանված կարգով ստանալու փոխարեն, իրենց ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, տվյալ պահին փաստացի ազատությունից զրկված Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս դրամապանակից վերցրել են այնտեղ առկա 16.000 ՀՀ դրամը և պահանջել իրենց հանձնել ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսների աքսեսուարները:
Տուժողը, գիտակցելով առևանգման արդյունքում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կրկին ֆիզիկական բռնության ենթարկվելու իրական վտանգը, հարկադրված կատարելով հանցավոր խմբի կողմից ներկայացված ապօրինի պահանջը՝ իր ավտոմեքենայից դատարկել է առնվազն 634.800 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարները՝ դրանք հանձնելով Մ.Մ.-ին, որից հետո նրան թույլատրել են հեռանալ նշված վայրից հեռանալու թույլտվություն է խնդրել և ստանալով այն՝ իր ավտոմեքենայով հեռացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: