2023–ին ՀՀ–ում երեխաներին ամենից շատ տրված անունները

Արդեն 8 տարի է` ՀՀ–ում նորածինների ամենատարածված անուններն են Դավիթն ու Նարեն։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2023 թվականին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։


2023 թվականին ՀՀ–ում ծնվել է 36 265 երեխա` 17 213 աղջիկ և 19 052 տղա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին 88–ով ավելի երեխա է ծնվել` 36 353, որից 19 195–ը` տղա, 17 158–ը` աղջիկ։


2023 թվականին 747 Նարե է ծնվել (2022–ին` 319), 1 251 Դավիթ (2022–ին` 590)։


Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (906), երրորդ տեղում` Հայկը (602), 4–րդում՝ Մարկը (570)։


Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Արփին է (616 նորածին), երրորդ տեղում` Մարիան (522), 4–րդում` Լյուսին (401)։


Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները։


Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել (տղաների դեպքում) Նոյը, Հենրին, Ադամը, Ալբերտը, Վահանը, Համլետը, (աղջիկների դեպքում) Նարինեն, Սոֆյան, Անուշը, Վիկտորյան, Արմինեն, Մոնիկան։

Քաղաքականություն