
Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի գիրքը

Աշոտ Հովհաննիսյանը գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», որտեղ նա խոսում է Հայաստանի՝ դեռ խորհրդային ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաեւ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի համար այդ բոլոր շատ կարեւոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, որն իր կյանքի բազմաթիվ վերելքներով եւ մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է եւ տնօրենը: Ես կուզենամ մենք ծափողջյուններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին: Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին անպայման ձեռք բերել եւ կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը»,- նշեց նա:
Նախօրեին «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին: Թերև, սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի: