ԶՊՄԿ կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարից տհաճ հոտեր են տարածվում․ բնապահպան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է վատ վիճակում մնալ։


Բնապահպանները մինչև օրս ահազանգում են, որ Արծվանիկի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է շրջակա տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը: Մասնագետները դեռ 2020 թվականի բարձրաձայնում էին, որ պոչամբարի գործունեությանն առնվազն 3-4 տարի է մնացել, սակայն, այն դեռ նույն ձևով շարունակում է գործել։


Հիմա, երբ, պոչամբարի արդյունահանման ծավալներն աճել են, ըստ բնապահպանների, վիճակն ավելի է վատթարացել։


«Խուստուփ» բնապահպանական կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը Tert.am-ի զրույցում հայտնեց, որ Արծվանիկի պոչամբարի գործող հատվածից տհաճ քիմիկատների հոտեր են տարածվում շրջակայքում։


Ըստ բնապահպանի՝ պոչամբարի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար կոմբինատը պետք է պաշտպանիչ անտառաշերտ ստեղծվի, որն էլ չի արվում։


«Որպեսզի քամիների ժամանակ պոչամբար արտանետված քիմիական նյութերի փոշին չտարածվի շրջակա միջավայրի վրա և տհաճ հոտերն էլ չհասնեն շրջակա բնակիչներին, պետք է այս գործողությունն արվի։ Կոմբինատն ունի տնկարան, ունի բավականին տնկանյութ կարող են այդ աշխատանքներն իրականացնել և պաշտպանիչ անտառաշերտ ստեղծել։ Բայց չգիտեմ, թե ինչ-ինչ պատճառներով առայժմ դա չի արվում»,- նկատեց բնապահպանական կազմակերպության ղեկավարը։


Վլադիկ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ամենամեծ վնասը պոչամբարն այն ժամանակ է հասցրել շրջակա միջավայրին, երբ վթարների ժամանակ կոմբինատից վնասակար նյութերը պոչամբար տեղափոխող խողովակները վնասվում էին և պոչանքները լցվում էին Ողջի գետն՝ աղտոտելով այն։ Բնապահպանի խոսքով՝ հիմա այդ խնդիրը վերացվել է։


«Անցկացրել են 3-րդ գիծ, և վթարների ժամանակ պոչանքները վնասված գծից անցնում են նոր կառուցված գիծ՝ այդտեղով են տեղափոխվում պոչանքները և գետը չի լցվում»,- հավելեց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Արծվանիկ, Աճանան, Սևաքար և հարակից համայնքների բազմաթիվ գյուղատնտեսական հողեր են մնացել պոչամբարի տակ։ Իսկ այդ համայնքների բնակիչները զրկվել են հող մշակելու հնարավորությունից։


Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ խնդիր էլ է տեսնում՝ թափուկավայրերի կանաչապատման հարցը, երբ բաց հանքից կապարը լցվում է շրջակա ձորերը՝ փոխելով լանդշտաֆտը։ Մասնագետը կարևորեց, որ հենց այդ հատվածներն էլ պետք է կանաչապատվեն, որպեսզի վերականգնվի հասցրած վնասը, իսկ այդ հարցին ուշադրություն չի դարձվում։


Պոչամբարի ռեկուլտիվացիայի մասին էլ բնապահպանն ասաց․ «Պոչամբարի մի մասը, որն արդեն լցվել և չի օգտագործվում ռեկուլտիվացիայի է ենթարկվել կոմբինատի կողմից, այսինքն, որտեղ պոչանքները չորացել են հողի շերտով ծածկվել է։ Դա արվում է, որպեսզի քամիների ժամանակ այդ փոշին չտարածվի և չաղտոտի շրջակա միջավայրը»։

Քաղաքականություն