
Աբու Դաբիում կայացած Փաշինյան Ալիև հանդիպումը կարող է խաղաղության գործընթացի իրացման հիմք հանդիսանալ. ԱԳՆ խոսնակ

Արձանագրում ենք նաև, որ Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»,-գրել է Բադալյանը:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր»,-նշված է հայտարարության մեջ:
«Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա խնդրում ենք հիմք ընդունել և հրապարակել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից»,- գրել է նա։