Կոլումբիայում Էլ Նինյո ֆենոմենի պատճառով մեկ տարով արտակարգ դրություն է մտցվել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրամանագիր է ստորագրել Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով մեկ տարով արտակարգ ռեժիմ մտցնելու մասին։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС–ը:


«Էլ Նինյո երևույթի հետևանքներին համարժեք հակազդելու համար նախագահ Գուստավո Պետրոն հրամանագիր է ստորագրել, որով ազգային աղետի վիճակ է հայտարարվում ամբողջ երկրում», - ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ:


Ինչպես պարզաբանում են նախագահի աշխատակազմում, հրամանագիրը ուժի մեջ է 12 ամիս։ Այս միջոցառումը թույլ է տալիս լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնել աղետի հետեւանքները վերացնելու համար։


Պետրոն անցյալ շաբաթ ասաց, որ Կոլումբիան մտադիր է օգնություն խնդրել անտառային հրդեհների մարման հարցում ՄԱԿ-ից։ Աղետների կառավարման վարչության տվյալներով՝ հունվարի 26-ի դրությամբ, վերջին ամիսներին հրդեհից տուժել է ավելի քան 17 հազար հեկտար անտառային տարածք։


Տարածաշրջանում արդեն մի քանի ամիս է, ինչ անոմալ շոգ եղանակ է։ Ըստ գիտնականների՝ երաշտի վրա այս սեզոնին ազդել է անսովոր ակտիվ Էլ Նինյո կլիմայական երեւույթը։