Ավինյանը՝ տեռասային տախտակներից նստարանների փոխարեն ավելի էժանները տեղադրելու մասին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքվեց՝ ո՞ր լրատվականներն են անդրադարձել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված նստարաններին։


Քաղաքապետին զեկուցվեց, որ վարչական շրջանի ղեկավարի հետ ուսումնասիրվել է հարցը, թվով 3 նստարան կա, որոնք պետք է բերվեն ստանդարտի։


Ինչ վերաբերվում է այդ նստարանների հետ կապված լրատվականներից մեկի արձագանքին, վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Ավինյանին ներկայացրեց․ «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել նստարանների հարցը, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տարբերակով ենք արել, փաստաթղթերով ամեն ինչ կա, որ նույն տախտակը ինչը օգտագործվել է 75 նստարանի վրա, դա նույնպես հանդիսանում է տերասային տախտակ: Պոլիմերային չէ, մաքուր փայտից է, եւ ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը: Այնպես, որ ես պատրաստվում եմ դիմել եւ պատասխանատվության ենթարկել նրան»:


Քաղաքապետը նկատեց․ «Բլոգերի մասին որեւէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այս մասին: Այնուամենայնիվ, վերահսկողական վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ այս դեպքի վերաբերյալ»։


Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Լրատվամիջոցը հավելել էր, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Քաղաքականություն