ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Անտառային հրդեհներ՝ Կոլումբիայում․ նախագահը միջազգային օգնություն է խնդրել
Կոլումբիայում մոլեգնում են անտառային հրդեհները. երկրի նախագահը կարգադրել է միջազգային օգնություն խնդրել, այդ թվում՝ ՄԱԿ-ից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Երկիրն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել հրդեհները, որոնք գրանցվել են տասնյակ մարզերում։ Իշխանությունների կանխատեսմամբ՝ ճգնաժամային իրավիճակը կշարունակվի փետրվար և մարտ ամիսներին՝ շոգի պատճառով
Այժմ երկրում գրանցվել է 31 հրդեհ, և դրանցից միայն 9–ն են հսկողության տակ: Անտառները այրվում են լեռներում, որոնք շրջապատում են քաղաքները, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բոգոտան:
Կոլումբիայի բնակավայրերի մոտավորապես կեսը գտնվում է առավելագույն պատրաստվածության վիճակում հրդեհների առաջացման վտանգի պատճառով: Ընդ որում, բոլոր քաղաքապետարանների մոտ մեկ երրորդը հրշեջ ծառայություն չունի։ Իշխանությունները պարտադիր տարհանման հրամաններ դեռ չեն տվել։
Կառավարությունն առաջիկա օրերին իրավիճակի վատթարացում է ակնկալում, քանի որ երկրում տաք և չոր եղանակ է։ Ջերմաստիճանի բարձրացումը և տեղումների բացակայությունը բացատրվում են Էլ Նինյոյի բնական երևույթով՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացմամբ։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ օգնության կոչին արդեն արձագանքել են Չիլին, Պերուն, ԱՄՆ-ն և Կանադան: Նա չի հստակեցրել, թե երբ օգնությունը կհասնի երկիր։ Առայժմ հրդեհների մարման ուղղությամբ աշխատում են տեղական ծառայությունները. վայրեր են ուղարկվել ավելի քան 600 զինվոր, ինքնաթիռ և այլ տրանսպորտային միջոցներ: