
Դատարանում քննվող բռնության կոչերի 95%-ը ուղղված է Փաշինյանին և նրա աջակիցներին. «Հետք»

2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:
Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:
Հոդվածը սահմանում է պատիժ՝ տուգանքի տեսքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Իսկ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, ԶԼՄ-ների կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: