Լեհաստանի կառավարությունը կօրինականացնի աբորտը և կթույլատրի հակաբեղմնավորիչների ազատ վաճառքը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 12-րդ շաբաթական հղիության արհեստական ընդհատումն օրինականացնող օրինագիծ ներկայացնել Լեհաստանի Սեյմ: Այս բժշկական միջամտությունը երկրում արգելված է 1993 թվականից, գրում է RTVI–ը:


Տուսկն ընդգծել է, որ իր ղեկավարած կոալիցիայում դեռևս կան «տարբեր կարծիքներ» այս հարցում։ Վարչապետը պարզաբանել է, որ կոնսենսուսի հասնելու համար խորհրդակցություններ են կազմակերպվել Սեյմի և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։


Բացի այդ, Տուսկը բարձրացրել է անհետաձգելի հակաբեղմնավորման հարցը։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել դեղագործության մասին օրենքում՝ Լեհաստանի կառավարությունն այն արդեն ուղարկել է խորհրդարան: Փոփոխությունների համաձայն՝ այժմ 15 տարեկան և բարձր տարիքի աղջիկները կարող են առանց դեղատոմսի նման դեղամիջոցներ գնել դեղատներից։


«Սա Եվրամիությունում ամենատարածված լուծումն է, որը կապահովի շտապ հակաբեղմնավորման համընդհանուր հասանելիություն բոլոր նրանց համար, ում համար այն մինչ այժմ հիմնականում անհասանելի է եղել», - հավելել է Տուսկը:


Լեհաստանի առողջապահության նախարարությունը շտապ հակաբեղմնավորման վերաբերյալ փոփոխություններն անվանել է «մեծ պահ»։


«Մենք կանանց վերադարձնում ենք իրենց մասին սեփական որոշումները կայացնելու իրավունքը: … Մենք հոգում ենք կանանց առողջության և իրավունքների մասին»,- գրել է նախարարությունը X-ի իր էջում (նախկին Twitter):


Գործող օրենսդրության համաձայն՝ Լեհաստանում աբորտը թույլատրվում է միայն երկու դեպքում՝ հղիություն բռնաբարությունից հետո և բժշկական պատճառներով։ 

Քաղաքականություն