
ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

ՀՌՀ–ն չեղարկեց «Տոսպա» ընկերության հեռարձակման արգելքը և թույլ տվեց, որ Sputnik Արմենիա ռադիոկայանը շարունակի հեռարձակումը։
Հանձնաժողովը որոշումն ընդունեց միաձայն։ Հունվարի 25–ին ռադիոկայանի եթերը կվերսկսվի 106.0 հաճախականությամբ։
Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։