
Երևանում 2024-ին կանցկացվեն զանգվածային միջոցառումներ, որոնցից մի քանիսը` առաջին անգամ

Երևանում 2024 թվականին տեղի կունենան մի շարք զանգվածային, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ են։ Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնել են քաղաքապետարանից։
Անցկացվելու է 15 միջազգային մրցաշար, որից 5-ը՝ խաղային մարզաձևից։ Դրանք առաջին անգամ անցկացվելու են «Երևանի քաղաքապետի գավաթ»-ի հովանու ներքո: Խոսքը բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, հանդբոլի մասին է։
Մասնակիցները կմրցեն նաև ըմբշամարտում, ազատ ոճի ըմբշամարտում, հունահռոմեական ըմբշամարտում, ձյուդոյում, մարմնամարզությունում, շախմատում, մարաթոնային վազքում:
Կկազմակերպվի նաև Երևանի առաջնություն, որը կներառի 13 մարզաձև: Առաջին անգամ կանցկացվի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար և Երևանյան մարաթոն, որին կմասնակցեն հազարից ավելի մասնակիցներ:
Հունիսին Երեւանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարեր, որոնք ազգային հավաքականների համար վերջին քննությունն են լինելու Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերից առաջ:
2024 թվականին կանցկացվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա, ինչպես նաև տարեցների մրցումներ։