Հրաժարվեք ձեր ստորագրությունից, թողեք՝ Ղարաբաղը բանակցի, դուք խանգարում եք․ Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցությունում ոչ մի ճաք էլ չկա, տարաձայնություններ չկան, իսկ ինչ վերաբերում է Գոհար Սարգսյանի` ԱԺ խմբակցությունից դուրս գալու որոշմանը, կուսակցության քաղխորհուրդն իրեն չի վստահում, ինքն էլ փոխադարձաբար չի վստահում ու դրա համար դիմում է գրել ու դուրս եկել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, թե վերջինիս կուսակցությունում տարաձայնություններ կան։


«Մենք ազատ ենք, որևէ մեկին չենք ստիպում մեզ հետ լինել կամ չլինել, ոչ մեկին չենք էլ համոզում մեզ հետ մնալ։ Կուսակցության ներսում որևէ խնդիր չկա, խոսվում էր նաև Գագիկ Բաղունցի առանձնանալու մասին, բայց Բաղունցը, բացի ԱԺ փոխնախագահ լինելուց, կուսակցության փոխնախագահ է, եթե խնդիր ունենար, ինքը դիմում կգրեր»,- ասաց նա։


Խոսելով Արցախի գերատեսչությունների աշխատանքի մասին՝ վերջինս նշեց, որ աշխատանքներն իրականացնելն իրենց իրավունքն է, «սակայն այնպես չէ, որ ինչ-որ էական փոփոխություն է լինելու այս տարվող աշխատանքներով»։


Դիտարկմանը, որ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբ է ձևավորվել և հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, վերջինս արձագանքեց․ «Չգիտեմ, թե Վարդան Օսկանյանը կամ իր խումբն ինչ է փոխելու, բայց ես կարող եմ հստակ ասել, որ մեր կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել այդ մարմինը ստեղծելուն և Օսկանյանին նշանակելուն։ Մենք ցույց ենք տվել, որ սա անընդունելի է, սա ոչինչ փոխել չի կարող, այլ մոտեցում է պետք։ Բացի դա, մինչև այդ հանձնախումբը ստեղծելը, պետք էր քննարկել ու հասկանալ, թե այն ինչ լիազորություններ է ունենալու, ինչպես են իրենց աշխատանքը հիմնավորում։ Ոչինչ չեն արել, դրա համար էլ մենք ձեռնպահ ենք մնացել»։


Խոսելով Բաքու-Ստեփանակերտ հավանական երկխոսության մասին` Բաբայանը նշեց, որ այս պահին որևէ քայլեր չեն ձեռնարկում և չեն ձեռնարկելու մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որից հետո պարզ կլինի՝ Ադրբեջանը երկխոսելու ցանկություն կունենա, թե ոչ։


«Մի շարք հարցեր կան, որոնք կապված են նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։ Ասել եմ ու կրկնում եմ՝ ճիշտ կլինի, որ որոշ հարցերում Հայաստանն իր ստորագրությունից հրաժարվի, որովհետև չկա Արցախ ու նաև չկան այդ համաձայնությունները, հատկապես, երբ ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղի էջը փակված է»։ Ադրբեջանը խոսում է կոմունիկացիաների մասին և նշում, որ պայմանագրով Հայաստան-Ադրբեջան բանակցություններ են ընթանում։ Հայաստանի վարչապետն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի փոխարեն չի կարող որոշում կայացնել։ Եվ սա լավ առիթ է, որ հայկական կողմը հրաժարվի ստորագրությունից, և բացատրությունն այն է, որ ինքն իր ստորագրությունը հետ կանչելով հղում կարող է անել նոր պայամանագրին, որի շուրջ էլ հիմա բանակցում են․ այսպես այդ էջը կփակվի»,- շեշտեց Բաբայանը։


Սամվել Բաբայանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առկայությունը հիմա միայն խանգարող հանգամանք է, ռուս խաղաղապահների ներկայությունը ևս այնտեղ անիմաստ է, Ադրբեջանն էլ հղումներ է անում մի փաստաթղթի, որն արդեն իմաստազուրկ է։


«Ադրբեջանը հղում է անում 9-րդ կետին, որը կոմունիկացիների մասին է, բայց Հայաստանն էլ ասում է՝ նոր պայմանագիր են կնքում կոմունիկացիաների մասով, ու Ղարաբաղի հարց չկա այդ փաստաթղթում, հիմա մենք ի՞նչ հասկանանք, ինչի՞ մասին եք խոսում։ Իսկ Ղարաբաղում ռուսական զորքեր պահելու հետ կապված արդեն Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է պայմանագիր կնքեն, ՀՀ-ն որևէ դեր չի ունենալու այդտեղ։ Նշանակում է՝ ղարաբաղցիներին գերի եք պահում, հրաժարվեք ձեր ստորագրությունից, թողեք, որ Ղարաբաղը բանակցի, դուք խանգարում եք»,- հավելեց նա։