
Զելենսկին չի՞ կարողացել հանդիպել Չինաստանի վարչապետի հետ․ Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողացել Դավոսում հանդիպել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ՝ չինական կողմի դժկամության պատճառով։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, որոնք խնդրել են անանուն մնալ։
Շվեյցարիայի ֆորումի մեկնարկից անմիջապես առաջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարեց, որ Չինաստանը շտապ պետք է միանա խաղաղ բանակցություններին՝ ակնարկելով, որ Զելենսկին հնարավորություն կունենա շփվել Չինաստանի վարչապետի հետ։ Սակայն արդյունքում Ուկրաինան այդպես էլ Չինաստանից համաձայնություն ձեռք չբերեց բանակցությունների համար։
«Ուկրաինացիների հետ չհանդիպելու Չինաստանի որոշումը, կարծես, դիտավորյալ էր, այլ ոչ թե ժամանակացույցի հետ կապված խնդիրների արդյունք: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Պեկինը մերժել է Կիեւի՝ Շվեյցարիա փոխայցելությունների ժամանակ որոշակի պահի հանդիպելու խնդրանքը: Ամերիկացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանը հրաժարվել է որևէ հանդիպումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը նրան կոչ է արել դադարեցնել դիվանագիտական շփումներն Ուկրաինայի հետ»,– գրում Է Politico-ն:
Ինչպես նշում է հրատարակությունը՝ դա կարող է վկայել այն մասին, որ Չինաստանը մտադիր չէ հասնել Ուկրաինայի պատերազմի դադարեցմանը, Փոխարենը կանգնել է Ռուսաստանի կողքին՝ Մոսկվային ռազմական նշանակության նյութեր մատակարարելով՝ չնայած Արեւմուտքի ճնշումներին եւ պատժամիջոցներին:
Ուկրաինացի պաշտոնյան Politico-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ պատվիրակության ժամանակացույցում հանդիպում չի եղել չինացի պաշտոնյաների հետ, իսկ Կիևը երբեք չի խնդրել այդ մասին: Չինացի պաշտոնյաները չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ չէր պատրաստվում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդիպել ՉԺՀ վարչապետ Լի Ցյանի հետ, քանի որ դա չի համապատասխանում նրա մակարդակին:
«Չինաստանի առաջնորդն այստեղ (Դավոսում) չէ։ Կա Չինաստանի վարչապետ, մեր վարչապետը կհանդիպի նրա հետ։ Այստեղ ոչ մի խնդիր չկա: Ես ուրախ կլինեմ հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ: Որքան ես գիտեմ, Սի Ցզինպինը որոշումներ է կայացնում, իսկ Ուկրաինայում ես որոշումներ եմ կայացնում։ <...> Ինձ պետք չեն ցանկացած երկխոսություններ, ինձ անհրաժեշտ են կարևոր որոշումներ այն առաջնորդներից, որոնք ընդունում են այդ որոշումները»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։