Ադրբեջանը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի ԱՄԴ որոշումները․ «HRW»-ի զեկույցը` բռնահանված արցախցիների մասին

«Human Rights Watch»-ն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»։


«Human Rights Watch»-ի նախօրեին հրապարկված տարեկան զեկույցում քննադատվում է մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ աշխարհում տարածում գտած «ընտրովի արձագանքը» և «գործարքային դիվանագիտությունը»։ Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանին:


Ըստ կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը՝ 2023 թվականին Հայաստանի համար կարևոր իրադարձություններ էին:


«Human Rights Watch»-ի փոխանցմամբ, «ավելի քան 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը, (2023 թվականի) սեպտեմբերին հեռացան Հայաստան՝ անկլավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով Ադրբեջանի (ձեռնարկած) ռազմական գործողությունից հետո»:


Զեկույցն ընդգծում է, որ Բաքվի նախաձեռնած ռազմական գործողությանը նախորդել էր Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ ամիսներ տևած սուր պակասը՝ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի կողմից դադարեցվելու պատճառով։


Զեկույցի՝ Բաքվին վերաբերող հատվածում կազմակերպությունը հիշեցնում է․ «Ադրբեջանը հրաժարվել է կատարել (ՄԱԿ-ի) Արդարադատության միջազգային դատարանի (2023 թվականի) փետրվարի և հուլիս ամսվա միջանկյալ որոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»»։


Նաև նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, Բաքուն ձերբակալել է «դե ֆակտո իշխանությունների մի քանի ղեկավարների»՝ նրանց մեղադրելով այդ թվում ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ»։


Զեկույցը, սակայն, «պատմական» է որակում 2023 թվականի դեկտեմբերի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ու զինծառայողների փոխանակման մասին:


Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն