ՊԵԿ-ը պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները. մանրամասներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները։ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը մամուլի ասուլիսում նշել է, որ փոստով կամ այլ փոխադրողների միջոցով առաքանիներ ստացող քաղաքացիները մաքսային հսկողության անհրաժեշտության դեպքում այլևս պարտադրված չեն լինի առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։


«Այն քաղաքացիները, որոնք առաքանիներ էին ստանում ու մաքսային հսկողության անհրաժեշտություն կար, փոխադրողը հաղորդագրություն էր ուղարկում այն մասին, որ ապրանքը պահվում է «Կարգո» բեռնային համալիրում, անհրաժեշտություն կա մոտենալ մաքսային համապատասխան ստորաբաժանում, որ պարզաբանվի և առաքանին բաց թողնվի։ Մենք հիմա դա տեղափոխել ենք ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ, որն արդեն իսկ թեստային փուլում գործարկվում է։ Կարող ենք ասել, որ վերը նշված դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու անհրաժեշտություն չի լինելու»,-հայտնել է Թամազյանը։


ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ արդեն առաքանին բեռնային համալիրում լինելու դեպքում քաղաքացին ծանուցում կստանա կոնկրետ հեռախոսահամարի ու էլեկտրոնային հասցեի վերաբերյալ, որոնցով էլ կարող է կապ հաստատել մաքսային մարմնի հետ ու հարցերը պարզաբանել։ Այսինքն՝ շփումը տեղի կունենա էլեկտրոնային փոստի կամ ներդրվող զանգերի կենտրոնացված համակարգի միջոցով, ինչից հետո ապրանքը բաց կթողնվի փոխադրողին, որի միջոցով էլ քաղաքացին կստանա։


Կարեն Թամազյանի խոսքով` համակարգն արդեն գործում է ու քաղաքացիներից դրական արձագանք կա։ Այս պահին իրականացվում են որոշ տեխնիկական շտկումներ՝ գործընթացն առավել սահուն ապահովելու համար։

Քաղաքականություն