
Աղիքային ցուպիկի մանրէներ, մակաբուծային հիվանդություններ․ ՀՀ-ում տասնյակ ձկնաբուծարանների գործունեություն կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի դեկտեմբերին 14 ձկնաբուծարանի գործունեություն է կասեցրել։ Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Խախտումներ ու անհամապատասխանություններ են եղել միայն Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբուծարաններում։ Որոշ ձկնաբուծարաններում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ու ախտածին, ա/թ սալմոնելաներ։
Խախտումներ արձանագրված ձկնաբուծարանների մեծ մասում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae–ի հարուցիչներ։ Մի քանիսում էլ առկա են եղել մակաբուծային հիվանդություններ, օրինակ՝ դիպլոստոմոզ ու իխտիոթիրոզ։
Հայրապետյանը նշեց, որ հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։