Կվերացվեն մի շարք պատվավոր կոչումներ. Հարությունյանը մանրամասնում է

Նախատեսվում է վերանայել Հայաստանում շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը:


«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:


Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները: Ըստ Հարությունյանի՝ այս կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող:


«Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ, և որոշակի մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ արդյունքների վրա է հիմնված լինում, հիմնականում հենվում է ոլորտայի մրցանակաբաշխությունների արդյունքների վրա»,-ասաց փոխնախարարը:


Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում:


«Շատ են եղել դեպքերը, երբ տվյալ անձը որոշակի ժամանակահատվածում աշխատելով մասնագիտական ուղղությամբ հասել է ինչ-որ նպատակների, հետո անմիջական կոչումը ստանալուց հետո դադարեցրել է մասնագիտությանն իր նպաստը բերել իր աշխատանքով: Ըստ այդմ չգիտեմ, թե ինչքանով է նա շարունակել մնալ ժողովրդական կամ վաստակավոր»,-ասաց Հարությունյանը:


Նա խոսեց ոլորտային մրցանակաբաշխությունների մասին, որտեղ ներկայացվում է այն արդյունքը, որը մարդը ձեռք է բերել իր աշխատանքի արդյունքում, դա է գնահատվում, ոչ թե տրվում է տիտղոս, որը մինչև կյանքի վերջ մարդը կրում է:


«Սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք ընդհանրապես որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ»,-վստահեցրեց Հարությունյանը:


Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Քաղաքականություն