Արգելվել է շների սպանդը՝ նրանց միսն ուտելու նպատակով. Հարավային Կորեա

Հարավային Կորեան արգելել է շան մսի օգտագործումը:


Օրինագիծ է ընդունվել, որն արգելում է շների բուծումն ու սպանդը՝ նրանց միսն ուտելու նպատակով: Օրինագիծն ընդունվել է գրեթե միաձայն՝ դրան աջակցել է 208 խորհրդարանական, երկուսը ձեռնպահ են մնացել, գրում է Reuters-ը և հայտնում, որ այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Յուն Սեոկ Յոլը։


Օրինագիծը նախատեսում է պատիժ՝ երեք տարվա ազատազրկում և 30 միլիոն կորեական վոնի (մոտ 23 հազար դոլար) տուգանք այն անձին, ով ուտելու համար շուն է սպանել:


Նրանք, ովքեր շներ են բուծում սննդի համար կամ գիտակցաբար գնում, տեղափոխում, պահում կամ վաճառում են շներից պատրաստված կերակուրը, նույնպես ենթարկվում են տույժերի և ազատազրկման: Օրինագիծը պատիժ չի նախատեսում շան միսը սննդակարգում օգտագործելու համար, նշում է CNN-ը։


Հաղորդվում է, որ ֆերմերային տնտեսությունների և ռեստորանների սեփականատերերին ու շների մսի արդյունաբերության մեջ ներգրավված այլ անձանց երեք տարի ժամանակ կտրվի իրենց բիզնեսը փակելու կամ արդյունաբերությունը փոխելու համար:


Հարավային Կորեայի իշխանությունների տվյալներով՝ երկրում գործում է շուրջ 1100 շների ֆերմա, որոնք բուծում են մոտ կես միլիոն շուն։ Ֆերմերները բողոքում էին օրինագծի դեմ. նրանց հաշվարկներով մինչև մեկ միլիոն մարդ կմնա առանց աշխատանքի։



Քաղաքականություն