Խորհուրդ ենք տալիս ջուր չլցնել հայամետ ուժերի ջրաղացին․ Բաքուն ԱՄՆ-ին

Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն կողմնակալ և կեղծ է անվանել 2023 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը, որի արդյունքում Բաքուն ներառվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողության ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը։


«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մեր երկրի ընդգրկումը միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում Ադրբեջանում կրոնական ազատության խախտման ենթադրությունների հիման վրա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիայի միջոց։ ԱՄՆ Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած «թերությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի վերոհիշյալ հաշվետվություններում շատ կետեր ուսումնասիրված չեն, դրանցում հղում է կատարվում հայամետ աղբյուրներին, իսկ երբեմն դեպքերին միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում»,-ասված է հայտարարության մեջ:


Գերատեսչությունում կարծում են, որ սխալ բացատրությունները «լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը», որոնք բոլորովին չեն համապատասխանում դրանց պատրաստման ընթացքում դրված նպատակներին ու խնդիրներին:


Գերատեսչությունը ԱՄՆ-ի որոշման հետևում գտել է ինչ-որ «հայամետ ուժերի», որոնք իբր «զրպարտության արշավ» են իրականացնում Ադրբեջանի դեմ, և Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել «ջուր չլցնել նրանց ջրաղացին»։


«Պետդեպարտամենտին խորհուրդ ենք տալիս ջուր չլցնել Ադրբեջանի դեմ զրպարտության արշավ իրականացնող հայամետ ուժերի ջրաղացին, ձեռնպահ մնալ երկակի ստանդարտների քաղաքականությունից և քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ: