
Իրանում ահաբեկչական պայթյուններին մասնակից անձինք են ձերբակալվել

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին մասնակից մի շարք անձինք ձերբակալվել են: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին: Տեղեկությունը թոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հետախուզական համակարգերը կարողացել են լավ հետքեր գտնել։ Ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք առնչություն ունեն այդ միջադեպին, նրանց մասին տեղեկություններն ավելի ուշ կհայտարարվեն անվտանգության ծառայությունների կողմից»,- նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այս պահի դրությամբ զոհերի թիվը կազմել է 89 մարդ, որոնցից 12-ը 15 տարեկանից ցածր երեխաներ են, ընդհանուր առմամբ, միջադեպի հետևանքով վիրավորվել է 284 մարդ: Պայթյունները, ինչպես նշում է իրանական մեկ այլ Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով.պայթուցիկով երկու պայուսակ գտնվել են Քերման քաղաքի գերեզմանատան մուտքից ոչ հեռու:
Իրանի կառավարությունը նախօրեին հայտարարել էր զոհվածների համար ազգային սգո օր, իսկ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որը հետաձգել էր Թուրքիա նախատեսված այցը, հայտարարել է, որ ահաբեկչության պատվիրատուներն ու կատարողները կբացահայտվեն Իսլամական Հանրապետության անվտանգության ուժերի եւ իրավապահ մարմինների կողմից եւ կպատժվեն ըստ արժանվույն: Իր հերթին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին իր ուղերձում հայտարարել է, որ ահաբեկչության իրականացնողներն ու կազմակերպիչները թիրախ են դառնալու արդար պատիժն ի կատար ածելու համար եւ պետք է իմանան, որ իրենց ստեղծած աղետին հետեւելու է «կոշտ պատասխան»: