
Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։
Նշվել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը:
«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է ՀՀ վարչապետը: