
Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ. Հաջիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս մնում են մի քանի չլուծված հարցեր: Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխամցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ՝ ներկայացնելով հինգ հիմնական սկզբունքներ՝ միջազգային իրավունքի հայտնի նորմերին համապատասխան, որոնք, մասնավորապես, ներառում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը, միմյանց նկատմամբ տարածքային որևէ պահանջի բացակայության փոխադարձ հաստատումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար։ Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով` վերջերս երկու երկրներն էլ աշխարհին զարմացրել են դրական օրակարգով:
«Ես նկատի ունեմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի վարչակազմերի դեկտեմբերի 7-ի խորհրդանշական համատեղ հայտարարությունը, որի արդյունքը փոխադարձ փոխանակման գործարքի շրջանակներում 34 զինվորի ազատ արձակումն էր։ Բացի այդ, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի կոնֆերանսի բյուրոյին անդամակցելու համար, Իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի թեկնածությունը՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով 29- րդ խորհրդաժողովի (COP) անցկացման համար: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանն ունակ են առանց միջնորդների ուղիղ երկկողմ բանակցություններ վարել»,- հավելել է նա։