Շտկումներ կարվեն «Հայոց պատմության» աղմկահարույց դասագրքում

«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը:


Նա նշել է, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։


Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։


«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– նշել է Սողոմոնյանը։


Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ 

Քաղաքականություն