
Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Բանկային համակարգի հետ կապված կուզենայի, որ մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ զարգացնենք 2 ուղղությամբ: Ընդ որում, պիտի արձանագրեմ՝ համագործակցություն բառը շատ ճիշտ է, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն նկատվում, և դա պետք է արձանագրել: Օրինակ, շատ կարևոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևով և տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի և Կառավարության միջև, հակառակը կլիներ ուղղակի աղետալի և աղետաբեր, որովհետև բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում: Ավելին, հիմա ևս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, և հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետև քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է․
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է: Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք»,- նշել է ՀՀ վարչապետը: