Ինչ փուլում է Վեդու ջրամբարի կառուցումը․ CivilNetCheck

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարին կառավարության նիստին հայտարարել էր, որ Վեդու ջրամբարի շինարարությունը մինչև 2022-ի տարեվերջ ավարտին կհասցվի։


2023-ի հունվարին, երբ պարզ դարձավ, որ ջրամբարի շինաշխատանքները դեռ անավարտ են, ՏԿԵ նախարար Սանոսյանը հայտարարեց, որ ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվել է` խոստանալով, որ այն կգործարկվի 2023-ի երկրորդ կիսամյակում։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսին այցելեց կառուցվող ջրամբար և հանձնարարեց շինարարությունը ամեն գնով մինչև տարեվերջ ավարտել։ «Տենց այլընտրանք չկա՝ անեք, թե չանեք:  Պետք է ավարտեք»,- ասել էր Փաշինյանը։



#CivilNetCheck-ը ՏԿԵ նախարարությունից հետաքրքվել է, թե ինչ փուլում է ջրամբարի կառուցումը։ Պարզվեց՝ արդեն երրորդ անգամ վերջնաժամկետը խախտվում է։



Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել էր 2013-ին՝ Ֆրանսիական զարգացման գործակալության 75 մլն եվրո վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ։


Ջրամբարի շինարարությունը մեկնարկել էր 2017-ին և պետք է ավարտված լիներ դեռ 2021-ի տարեսկզբին։ Սակայն այն նախ հետաձգվեց մինչև 2022-ի տարեվերջ, ապա կրկին տեղափոխվեց 2023-ի երկրորդ կիսամյակ։


Պարզվում է՝ չնայած ՏԿԵ նախարարի խոստումներին և վարչապետի «անզիջում» հանձնարականներին՝ ներկայում Վեդու ջրամբարը դեռ պատրաստ չէ։ ՏԿԵ նախարարությունից լրատվակաին հայտնել են, որ «ջրամբարի շինաշխատանքները 98 տոկոսով կատարված են» և ավարտին կհասցվեն հաջորդ տարում։


«Կավային շերտ պետք է ավելացվի, որի համար եղանակային բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ, սակայն վերջին օրերին եղանակը բարենպաստ չէ»,- հայտնեցին նախարարությունից։

Քաղաքականություն