
Առատ ձյան‚ սաստիկ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության ավտոճանապարհներին

Հարգելի քաղաքացիներ‚ վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։ Այս մասին հայտնում «Ճանապարհային դեպարտամենտից»։
«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-նշվում է հայտարարությունում: