Նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի․ Արսեն Թորոսյան

Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդության պատճառով, դժբախտաբար, երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։


«Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։ Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ, ավելի ճիշտ, կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։


Կարծում եմ՝ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՞ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչո՞ւ։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղե՞լ է, թե՞ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչո՞ւ։ Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։


Հ.Գ. Թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի, և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»,- գրել է պատգամավորը։

Քաղաքականություն