
«Էֆենդին նորից վիրավորվեց»․ Սիմոնյանն ու Քեոսայանն արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերազրկմանը

500 հազար դրամ արժողությամբ դրամա: Այսպիսի տելեգրամյան գրառում է արել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ արձագանքելով Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակման կասեցմանը։
«500 հազար դրամ արժողությամբ դրամա. Էֆենդին նորից վիրավորվեց»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ում հաղորդման մեջ խախտումներ են արձանագրվել ևս արձագանքել է «Սպուտնիկ Արմենիայի» եթերազրկմանը։
«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,- նշել է նա։
Նշենք, որ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Որոշում է կայացվել է այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի, ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։ Հանձնաժողովը համարոել է, որ եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ։
Նշվում է, որ, ըստ կազմված արձանագրության, առաջին վարույթը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդմանը։ Նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը իբրև թե ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:
Երկրորդ վարչական վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ Ըստ հաղորդագրության՝ հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում։ Հաղորդման ընթացքում, ըստ հանձնաժողովի, հնչեցվել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:
Հավելենք, որ Քեոսայանի հաղորդումը չի պատրաստվել հայկական խմբագրության կողմից, այլ ռուսական հեռարձակման մաս է եղել։