
Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ. Քերոբյան

Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով պարբերաբար փակվում է։ Դեկտեմբերի 13–ից միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Անդրադառնալով արտահանման ծավալներին` նա նշեց, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի արտահանողներին 3–րդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս։
«Մեր ծրագրերի մեջ կա, որ 2024 թ. տարբեր այլ ուղղություններով մեր ջանքերը պետք է մեծացնենք, որպեսզի արտահանման դիվեսիֆիկացիա լինի»,– ասաց նախարարը։
Հարցին, որ ՀՀ–ից արտահանումը հիմնականում իրականացվում է դեպի ՌԴ և այս ուղղությամբ ուշադրությունն ավելի սևեռված պետք է լինի, Քերոբյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում մի երկրի հաշվին մյուս երկրների հետ հարաբերությունները լավացնել։
«Մենք ուղղակի գիտենք, որ բավականին մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով` բացի առկա լավ աշխատող ուղղություններից։ Այդ ուղղությամբ պետք է տքնաջան աշխատել, քանի որ նոր շուկաներն այդքան էլ հայտնի չեն` իրենց սպառողների վարքագծով, նախասիրություններով։ Հաճախ անհրաժեշտ է լինում այդ նոր շուկայի համար նոր ապրանք արտադրել, և դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան այն, ինչ հիմա արվում է»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ-ի համար այսօր ամենագրավիչ ուղղությունները Արևելյան Ասիայի երկրներն են` Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, արաբական երկրները, Եվրոպան, ԱՄՆ–ն։
Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ 2025 թ. ՀՀ–ն մասնակցելու է «Օսակա 2025» էքսպոյին` շատ լուրջ տաղավարով, և իշխանությունների նպատակն է մինչ այդ մեր ապրանքները հայտնի դարձնել ճապոնացիներին։