Թուրք լրագրողը՝ Հայաստանի հետ հարաբերությունների և Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքի» մասին

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած՝ «Տարածաշրջանային նոր իրողությունները և Խաղաղության խաչմերուկը» համաժողովին մասնակցում էր նաև թուրքական TGRT լրատվական գործակալության արտաքին նորությունների բաժնի տնօրեն Էմրե Դիները։ NEWS.am-ը նրա հետ զրուցել է տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ այդ հարցում Թուրքիայի գործոնի վերաբերյալ։


Պարոն Դիները հայտնել է, որ շնորհակալ է Հայաստանի կառավարությանը, բոլոր պաշտոնյաներին և ուրախ է այստեղ գտնվելու համար։


«Կարծում եմ՝ այս համաժողովի անցկացումը շատ կարևոր է, քանի որ հայ և թուրք ժողովուրդները, հայ և թուրք պաշտոնյաները քննարկումներ են ունենում խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պետք է լուծել խնդիրները, որովհետև մենք հարևաններ ենք։ «Միջին միջանցքը» չափազանց կարևոր է Հայաստանի և Թուրքիա, կարծում եմ նաև՝ Ադրբեջանի հետ մերձեցման համար։ Մենք պետք է մի կողմ դնենք վատ բաները, վատ խոսքերն ու շարունակենք կարգավորել հարաբերությունները»,-ասել է նա։


Ինչպե՞ս եք Դուք դա հնարավոր համարում, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ուժով բացելու մասին, իսկ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ այն եղբայրական պետություն անվանելով։


«Դուք գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են, բայց երկուսն էլ գիտեն՝ որպեսզի ապագայում Կովկասում խաղաղություն լինի, մենք պետք է լուծենք խնդիրները Հայաստանի հետ։ Դա առավելություն կընձեռի՝ քաղաքական, տնտեսական, նաև զբոսաշրջության ոլորտում։ Միջանցքը շատ կարևոր է երեք երկրների համար տնտեսական առավելությունների տեսանկյունից, և երեք երկրներն էլ հասկանում են, որ պետք է լուծեն խնդիրները, կարգավորեն հարաբերությունները և մերձենան միմյանց»,-պատասխանել է լրատվամիջոցի հարցին։


Լրատվամիջոցի ճշտմանը՝ միջանցք ասելով նկատի ունեք Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր ուղի՞ն, պատասխանել է․ «Այո, բայց մեր նախագահը՝ Էրդողանը մշտապես ասում է, որ այդ ճանապարհը ներառելու է նաև Հայաստանն ու Իրանը․․․»


Խնդիը հետեւյալն է՝ Հայաստանը շարունակաբար ասում է, որ այդ ճանապարհի ամեն հատված պետք է տվյալ երկրի ինքնիշխանության ու վերահսկողության տակ լինի, բայց Ադրբեջանն արտատարածքային միջանցք է պահանջում։



«Այո, ես գիտեմ դա, բայց ես քաղաքական գործիչ չեմ, լրագրող եմ։ Նրանք իրար հասկանում են, ես հավատացած եմ դրանում։ Թվում է՝ ամեն ինչ շատ բարդ է, անհնար է, բայց անհնար բան չկա։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես քննարկում են այս հարցերը։ Որոշ հարցերում երբեմն դանդաղ է առաջընթաց լինում, բայց, հավանաբար, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ես իսկապես հավատում եմ, որ ի վերջո մեր երկրները լավ հարևաններ կլինեն Կովկասում»,-ասել է լրագրողը։