Բլինկենը «կանաչ լույս» է տվել Իսրայելին․ ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ում կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելին «կանաչ լույս» է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հայան՝ կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ամեն անգամ ագրեսիայի նոր ակտից առաջ մենք անպայման տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղարը «կանաչ լույս» տալիս Իսրայելին՝ շարունակելու նրա հանցագործությունները, օգնություն տրամադրում նրան եւ քաղաքական պաշտպանության բոլոր միջոցները»,- նշել Է Ալ-Հայան:


Ավելի վաղ իսրայելական kan պետական հեռուստառադիոընկերությունը տեղեկացրել էր, որ Բլինկենն ավարտել է այցն Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի խափանման հետեւանքով Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի րոպե անց:


«Պատանդների և բանտարկյալների փոխանակման հարցը հնարավոր չէ լուծել ռազմական գործողությունների ընթացքում, նախ անհրաժեշտ է դադարեցնել ագրեսիան, իսկ հետո արդեն փոխանակել գերիներին։ Մենք չենք կարող բանակցել հակառակորդի գերեվարված զինվորների ազատ արձակման շուրջ նրա ռազմական գործողությունների թեժ պահին, դրա համար էլ ի սկզբանե համաձայնել ենք քաղաքացիական անձանց, ինչպես նաև կանանց և երեխաների ազատ արձակմանը։ Մեր գերության մեջ գտնվող զինվորականների ազատ արձակման մասին խոսակցությունը պետք է ընթանա միայն լիակատար հրադադարի դեպքում»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը։


«Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել մեզ մոտ գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման շուրջ, որպեսզի հասնենք լիարժեք հրադադարի»,- հավելել է նա:







Քաղաքականություն