
Ռուսաստանն անօրինական միգրանտների համար արգելքներ և սահմանափակումներ է սահմանել

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է պատրաստել, որի համաձայն առաջարկվում է սահմանել անօրինական միգրանտների վերահսկվող կացության ռեժիմ: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դա ենթադրում է մի քանի արգելքների եւ սահմանափակումների սահմանում։ Մասնավորապես, առաջարկվում է միգրանտներին արգելել մեքենա վարել եւ գումար փոխանցել։
«Վերահսկվող կեցությունը իրավական ռեժիմ է, որը կիրառվում է (...) օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չունի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակության) օրինական հիմքեր կամ ով գիտակցաբար կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր է ներկայացրել՝ միգրացիայի գրանցման իրականացման համար»,- նշվում Է փաստաթղթում։
Օրինագծով առաջարկվում է անօրինական միգրանտներին արգելել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցումը, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու օտարումը: Բացի այդ, առաջարկվում է արգելել նրանց պետական կադաստրային հաշվառման դնել անշարժ գույքը և գրանցել տրանսպորտային միջոցները:
ՆԳՆ-ն նաև հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մերժել անօրինական միգրանտներին վարորդական իրավունքի քննություններ հանձնելու, վարորդական իրավունքի վկայականի փոխարինման և ամուսնության թույլտվություն ստանալու հարցում:
Փաստաթղթից հետևում է, որ վերստուգվող անձինք կունենան իրավունքներ և պարտականություններ։ Այսպես, անօրինական միգրանտները կկարողանան տվյալներ պահանջել այն մասին, թե ինչ հիմքով են իրենց նկատմամբ կիրառվում այս կամ այն սահմանափակումները։ Նրանք իրավունք ունեն բողոքարկել գործողությունները կամ անգործությունը պաշտոնատար անձանց, ովքեր վերահսկում են իրենց մնալը։
Ավելի վաղ դաշնային մակարդակով Ռուսաստանում առաջարկել էին միգրանտների համար արգելել երեք պահանջված մասնագիտություն։ Ինչպես հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը՝ նման արգելքը պետք է տարածվի այն երկրների քաղաքացիների վրա, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ չունի:
«Նման պատասխանատու աշխատանքը նրանց համար չէ»,- պարզաբանել է խորհրդարանականը:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսների շահերը վեր են ներգաղթյալների հոսքից։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին միգրանտների ներհոսք է անհրաժեշտ, պետք է ընտրել նրանց, ովքեր իսկապես անհրաժեշտ են երկրին։