Օրենսդրական նոր փաթեթ՝ զբոսաշրջության մասին

ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին։ «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը նոր և ճիշտ բարեփոխում կլինի ոլորտում։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


Քերոբյանի խոսքով՝ սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թվականից, սակայն այն մի շարք հարցեր այլևս չէր կարողանում կարգավորել։


«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն… Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով»,– հավելեց նախարարը։


Նախատեսվում է, որ այս նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30–ից, իսկ որոշ կարգավորումներ` մինչև 2025 թվականի հունիսի 30–ը։


Ըստ Քերոբյանի՝ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է բավականին լավ տեմպերով։


«Այս ամսվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն–ից ավելի զբոսաշրջիկ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.–ին»,– մանրամասնեց նախարարը։


Օրենսդրական այս փաթեթը նպատակ ունի կարգավորել և՛ ներգնա, և՛ արտագնա տուրիզմը, նաև նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջային ոլորտը ՀՀ տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար։


Քաղաքականություն